National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.06.2023
Հարակից զեկուցողները ներկայացրել են 2022 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունները
1 / 7

Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշների արժանահավատության վերաբերյալ կարծիքը ձեւավորել է իր գործունեության ծրագրի առաջին մասում նախատեսված ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների միջոցով: Հաշվեքննությունների ընթացիկ արդյունքները եռամսյակային պարբերականությամբ հրապարակվել են, իսկ դրանց մի մասը դարձել են նաեւ հանրային քննարկումների առարկա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած եւ, ըստ անհրաժեշտության, ոլորտային գլխադասային հանձնաժողովների հետ համատեղ նիստերի հարթակում: Այս մասին հունիսի 15-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում ասել է հարակից զեկուցող, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով ԿԲ եզրակացությունը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Հաշվեքննության արդյունքներով Հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի, որովհետեւ ստացել է բավարար համապատասխան տեղեկատվություն հաշվեքննության ենթարկված մարմիններից եւ ֆինանսական հաշվետվությունները բոլոր առումներով զերծ են էական խեղաթյուրումներից:

«Ներկայացվածը կարող է հարցեր առաջացնել այն համատեքստում, որ նախկինում քննարկված տարբեր եզրակացություններ պարունակել են անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ գրառումներ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը եւ հնարավոր հարցերը կանխելու համար ներկայացրել է վիճակագրությունը:

Զեկուցողի խոսքով 10 պետական մարմիններում իրականացված հաշվեքննությունների արդյունքներով արձանագրվել են 113 անհամապատասխանություններ. ոչ բոլորն են, որ հանգեցրել են ֆինանսական հաշվետվություններում խեղաթյուրումների առկայության: «Դրանցից 5 պետական մարմիններում 18 խեղաթյուրումներ են արձանագրվել ընթացիկ հաշվեքննությունների արդյունքներով: Խեղաթյուրումների հանրագումարային ֆինանսական արտահայտությունը կազմել է բյուջետային ծախսերի 0,11 տոկոսը, ինչը չի ազդել կարծիքի ձեւավորման վրա»,- պարզաբանել է Հաշվեքննիչ պալատի նախագահը` ներկայացնելով մանրամասներ սահմանումներից, որոնք տրված են անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների վերաբերյալ: Ըստ նրա` անհամապատասխանություններն իրավակարգավորումների եւ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերել է քաղաքացիաիրավական հարաբերություններին, դրանք կանոնակարգող պայմանագրերի շրջանակում սահմանված պահանջներից տարբերություններն են, իսկ խեղաթյուրումներն այն դեպքերն են, երբ ֆինանսական գործառնությունների համար սահմանված ընթացակարգերից տարբերվող եղանակով եւ տարբերվող արդյունքներ են արձանագրվել ֆինանսական հաշվետություններում:

Ամփոփելով` Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, որը Գեւորգ Պապոյանի ղեկավարությամբ եւ մյուս մշտական հանձնաժողովների հետ համագործակցությամբ, հետեւողականորեն ձեւավորում է պահանջարկ, ինչպես Հաշվեքննիչ պալատի, այնպես էլ պետական մարմինների նկատմամբ: 
 
Հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով բարձրացված հարցադրումներին, փաստել է, որ երկրի տնտեսությունը 2008 թվականի համեմատ էական որակական առաջընթաց է արձանագրել ճյուղերի դիվերսիֆիկացիայի առումով:

Նշվել է, որ եթե 2008 թվականին ՀՆԱ-ի կառուցվածքում շինարարության մասնաբաժինը կազմել է 24 տոկոս, ապա 2022 թվականին այդ թիվը հասել է 6 տոկոսի: Արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում 2008 թվականի 21 տոկոսի փոխարեն` 2022 թվականին հասել է 32 տոկոսի, գյուղատնտեսության մասնաբաժինը 18 տոկոսից իջել է 12 տոկոսի:

2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ հասել է 1 մլրդ դոլարի, որը կազմում է ՀՆԱ-ի 5.12 տոկոսը: Նշվել է, որ Կառավարության թիրախը 2026 թվականի համար 6 տոկոսն է, այսինքն` ըստ բանախոսի` մոտ 0.88 տոկոս ավելի է 2026 թվականի համար նախատեսված ցուցանիշը: Նշվել է նաեւ, որ 6 տոկոսը բազմաթիվ ընդդիմադիրների կողմից համարվել է անիրատեսական ցուցանիշ: Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ 2022 թվականին ենք հասել 5.12 տոկոս ցուցանիշին:

Ըստ Գեւորգ Պապոյանի` 2021 թվականի օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր ընդամենը 366 մլն դոլար, այսինքն` 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է 2.7 անգամ կամ 632 մլն դոլարով: Նշվել է, որ նախկին իշխանությունների շարքերում մեծ ոգեւորություն առաջացրած եւ շահարկվող 2017 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 253 մլն դոլար` 2022 թվականին այդ ներդրումները մոտ 4 անգամ ավելի շատ են:

Գեւորգ Պապոյանն անդրադարձել է նաեւ պետական բյուջեի նկատմամբ ԱԺ վերահսկողական մեխանիզմներին եւ կատարած աշխատանքներին: Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի հավաստմամբ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը եւ մյուս մշտական հանձնաժողովները բավականին մեծ ուշադրության կենտրոնում են պահում պետբյուջեի ծախսման արդյունավետության բարձրացման հարցերը: Ըստ Գեւորգ Պապոյանի` ՀՊ-ի առանց բացառության բոլոր եզրակացությունները մանրամասն ուսումնասիրվում են հանձնաժողովի եւ Բյուջետային գրասենյակի կողմից եւ ըստ անհրաժեշտության ու ըստ կարիքի` առանձին եզրակացություններ ենթարկվում են համատեղ քննարկումների: Նշվել է, որ ԱԺ-ի ընթացիկ վերահսկողությունն էապես բարելավել է բյուջետային գործընթացի վերահսկողական պրոցեսները, նաեւ պատգամավորների հարցերը վերաբերում են ոչ թե պարզապես թվերին, այլեւ բովանդակությանը, գործընթացներին, արդյունքներին, եւ դա ցույց է տվել ամբողջ բյուջետային գործընթացը:

2022 թվականին պետական բյուջեով կանխատեսված 7 տոկոսի փոխարեն 12.6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Բացառությամբ գյուղատնտեսության` ավելացված արժեքի աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում:

Գեւորգ Պապոյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալներն աճել են 54.4 տոկոսով, դոլարային արտահայտությամբ ապրանքների եւ ծառայությունների բացասական հաշվեկշիռը կազմել է ՀՆԱ-ի 2.1 տոկոսը, նախորդ տարվա համեմատ բարելավումը 5.8 տոկոսային կետ է:

Տնտեսություն հոսող դրամական փոխանցումները 2022 թվականին կազմել են 1.5 մլրդ դոլար` աճելով մոտ 20 տոկոսով: ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած եւ ՀՀ-ից արտերկիր կատարված առեւտրային եւ ոչ առեւտրային զուտ փոխանցումները 2022 թվականին հասել են աննախադեպ մակարդակի` 2.6 մլրդ դոլարի` 2021 թվականի համեմատ աճելով մոտ երեք անգամ: Ըստ Գեւորգ Պապոյանի` նշված զարգացումների արդյունքում 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ում ընթացիկ հաշվի պակասուրդը բարելավվել է 2.9 տոկոսային կետով եւ կազմել է ՀՆԱ-ի 0.9 տոկոսը:

Տնտեսական բարձր ակտիվության պայմաններում գործազրկությունը նվազել է, զբաղվածությունն ու աշխատավարձերը` աճել:

Նշվել է, որ 2022 թվականին պետական բյուջեի եկամուտներն աճել են բարձր տեմպերով` պայմանավորված բարձր տնտեսական աճով, գնաճով, ինչպես նաեւ հարկային օրենսդրության փոփոխություններով: Պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ մոտ 380 մլրդ դրամով` ապահովելով օրենքով հաստատված ծրագրի 106 տոկոսը: Պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրիլիոն 242.6 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 1.2 տոկոսով, ինչը պայմանավորված է հիմնականում կապիտալ ծախսերի աճով:

Ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 98 տոկոս է, իսկ հաստատված ծրագրի նկատմամբ 103 տոկոս է:

Կառավարությունը չեզոք հարկաբյուջետային քաղաքականության փոխարեն իրականացրել է զսպող քաղաքականություն, որի պայմաններում հնարավոր է եղել ապահովել ՀՆԱ-ի համեմատությամբ պետբյուջեի պակասուրդի նվազում:

2022 թվականին պետբյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պակասուրդը 201 մլրդ դրամով, ինչը կարեւոր է երկարաժամկետ հարկաբյուջետային կայունության տեսանկյունից եւ երաշխավորում է, որ վերցված փոխառություններն առաջանցիկ որակական ենթակառուցվածքներ ձեւավորեն` կայուն դարձնելով զուտ պարտքի դիրքը:

2022 թվականին կապիտալ ծախսերը ոչ միայն իրենց ծավալով, այլեւ իրենց տոկոսային արտահայտությամբ են բարձր մակարդակով կատարվել` 95 տոկոսով: Սա համարվում է շատ բարձր ցուցանիշ:

Գեւորգ Պապոյանն անդրադարձել է նաեւ մի շարք այլ արդյունքային ցուցանիշների: Կառավարությունը 2022 թվականին 16.1 մլրդ դրամի հատկացումներ է կատարել քովիդի դեմ պայքարին: Շուրջ 2 մլրդ դրամի ծախս է կատարվել արցախյան պատերազմի հետեւանքների մեղման միջոցառումների ուղղությամբ: Պետական բյուջեից 176 մլրդ դրամ պետական վարկ է տրամադրվել Արցախի Հանրապետությանը, նախորդ տարվա 28.8 մլրդ դրամի փոխարեն:

Մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ մանրամասն ներկայացրել է մյուս ոլորտներում իրականացված աշխատանքներն ու թվային ցուցանիշները` փաստելով, որ գրեթե ամբողջությամբ կատարվել են բյուջեով նախատեսված ծրագրերն ու հանձնառությունները:

Նա պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Հարակից զեկույցով հանդես է եկել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա հանձնաժողովների համատեղ նիստի փակ հատվածներից մանրամասներ է ներկայացրել խորհրդարանականներին:

«Անվտանգային ոլորտի մասով 2022 թվականի կատարողականը տպավորիչ էր ու շոշափելի: Շատ ուրախ եմ, որ քննարկումներին շատ ակտիվ մասնակցություն են ունեցել գրեթե բոլոր շահագրգիռ պատգամավորները` թե' ընդդիմությունից, թե' իշխանությունից, որովհետեւ անվտանգային միջավայրը վերաբերում է բոլորիս: Կառավարության ամբողջական ծրագրի մեջ ներառված են համապարփակ ծրագրեր, որոնք մեր անվտանգային միջավայրն էլ ավելի անվտանգ են դարձնելու»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը հաստատել է` բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում անվտանգային գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել այնպիսի կարեւոր թեմաների, որոնք հուզում են հասարակությանը:

«2022 թվականին հաջողություններ ենք արձանագրել, որոնք նկատել է նաեւ հակառակորդը: Դա հաճելի իրողություն է ու շարունակությունն այն նպատակների, որոնք Կառավարությունը դրել է իր ծրագրի մեջ` ռազմական արդյունաբերության զարգացման տեսանկյունից: Բյուրոկրատական խնդիրները շատ են, բայց դրանց հաղթահարումն էլ մոտեցնում է այն նպատակին, որ արդյունաբերությունն առանց խոչընդոտների բանակի կարիքների հետ կապված լավ արձանագրումներ կարողանա իրականացնել»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի բարձրացրած հարցին, որը վերաբերել է ազգությամբ հայ գիտնականների կողմից ՀՀ ռազմաարդյունաբերությանը վերաբերող առաջարկներին: Պատգամավորը հայտնել է, որ խնդրի լուծումը մոտ է, դա թույլ կտա ավելի անվտանգ պետություն ունենալ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am